ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ներվայինները լքեն դահլիճը

Ներվայինները լքեն դահլիճը
24.01.2017 | 01:23

Ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն քաղաքական դաշտն այդպես էլ չի վերադասավորվում: ՀՀԿ-ն ձգում է դադարը` հնարավորություն չտալով թե՛ իր թիմակիցներին, թե՛ այլ քաղաքական ուժերի` ելքի դռները արագ նշմարել՝ կիրառելով անսպասելիության գործոնը, որը քաղաքականության մեջ միշտ էլ ամենաարդյունավետն է աշխատել:
Այդ իսկ պատճառով Գագիկ Ծառուկյանի էջաբացությանը հաջորդող ինտրիգները նույնպես պակաս հետաքրքիր չեն. ո՞վ է ղեկավարելու ՀՀԿ շտաբը: Առաջ ընկնենք ու կանխորոշենք. այո, Սերժ Սարգսյանը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև խորհրդարանական կառավարման անցնելու պատասխանատու այս փուլում նման կարևոր պոստը այլոց չեն «վստահում»:


Պակաս ինտրիգային չէ ՀՀԿ ցուցակի առաջին համարի ով լինելու հանգամանքը: Այստեղ կանխորոշելու «ներուժ», բացի Սերժ Սարգսյանից, ոչ ոք չունի, որովհետև ցուցակը նաև ապագա պաշտոնեական «ռազմավարական դասավորություն» է, ուստի բոլորը, այդ թվում՝ «նյարդայինները», պետք է լուռ սպասեն: Էլ ավելի ինտրիգային են ցուցակի համամասնությունն ու «տեղայնացումը»` կոնկրետ դեմքերով. մանավանդ Դմիտրի Մեդվեդևին հանդիպած Հովիկ Աբրահամյանի մասով, որը, ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, չի բացառվում, որ դուրս գա ընդհանրապես քաղաքականությունից, եթե մայր կուսակցությունը «կառուցողական» չգտնվի յուր հանդեպ: Ինչպե՞ս կվարվի Սերժ Սարգսյանը. կնախընտրի կոմպրոմի՞սը, ինչպես նախորդ անգամ, թե՞ վա-բանկ կգնա: Եթե անկեղծ` երկու մոտեցումներն էլ իրենն են, պետք է սպասել:
Սա` ՀՀԿ մասով:


Քաղաքական դաշտի մնացյալ բաղկացուցիչներում նույնպես ինտրիգների պակաս չկա: Այստեղ գլխավորը, թերևս, Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան, Վիկտոր Դալլաքյան դաշինքի միացման հնարավորությունն է Ծառուկյանի դաշինքին: Նախ նկատենք, որպես այդպիսին, օհանյանական դաշինքը գրեթե ոչինչ իրենից չի ներկայացնում: Ասել ենք` ո՛չ Օհանյանը, ո՛չ Օսկանյանը քաղաքական խարիզմատներ չեն: «Շորասազ Վիկտորի» մասին` կա՛մ լավ, կա՛մ ոչինչ, որովհետև «շրջադարձերը» և «փոխված ձիերն» իր դեպքում անչափ շատ են: Այս դաշինքի դեպքում կարող է խոսք լինել Օսկանյանի «տիրապետած» նյութական «բազայի», դրսի կապերի, սփյուռքի քաղաքական ներուժի մասով: Չմոռանանք, որ Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը պիտի գան-դիտեն մեզ, մեր ընտրությունները, սովորեցնեն ինչպես ընտրելու արվեստը: Այդ ամենը, կարելի կարծել, հատկապես և վասն Վարդան Օսկանյանի կարող է լինել (աբսուրդ կթվա, եթե արևմտյան «պասաժի» համարում ունեցող «Ելք» դաշինքի համար սփյուռքն այդպես կոնսոլիդացվի):


Ձգենք դադարը փոքր-ինչ` մեկ կարևորում անելու. օհանյանական դաշինքը բաղկացած է մարդ-կուսակցություններից: Օսկանյանը, որի թիմը չկարողացավ անգամ նյութական բազմաբեղուն օպերացիաներից հետո հինգ տոկոս ձայն հավաքել ընդդիմադիր Գյումրիում, երբ ոչ անհայտ Վարդանիկը յուր ողջ ռեսուրսը դրել է Օսկանյանի «տակ» (չմոռանանք նաև Վանաձորի ավագանու ընտրությունները), ինչպե՞ս կարող է խորհրդարանական կենաց-մահու կռվի ժամանակ դաշինքով յոթ տոկոս «ձեռք գցել»: Նույնը` ժամանակին Վանաձորում պարտված Վիկտորը: Իսկ Արամ Գասպարի Սարգսյանը քաղաքական դաշտում վաղուց ու սիրուն լողում է` նույնքան և խիստ «գասպարավարի»:


Այնպես որ, այս դաշինքի շանսերը (որքան էլ ՀՀԿ-ի «աբիժնիկները» ասեն` Օհանյանը երկրորդ տեղն է գրավելու ու փորձեն «ուռեցնել» այն) անչափ ցածր են:
Միակ ելքը Ծառուկյանին «կպած» մնալն է:
Այս դեպքում էլ «մնացորդային» երևույթներն այնքա՜ն շատ են, որ «կհաշվենք հաջորդ դասին»:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ